ԱՄՆ-ի պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերով փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին նշել է 5 երկիր ու տարածաշրջան, որ 2018-ին կարող են սկսել երրորդ համաշխարհային պատերազմ` գրում է The National Interest-ը։
Առաջին տեղում Ֆարլին ԿԺԴՀ-ին է դնում` բալիստիկ հրթիռների պատճառով։ Պատերազմի դեպքում, նրա կարծիքով, անմիջապես կներքաշվեն Ճապոնիան ու Չինաստանը: Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահի վարչակարգի անփորձությունը իրավիճակը Կորեական թերակղզում դարձրեց ամենալուրջ արտաքին քաղաքական ճգնաժամն աշխարհում այս պահին։
Երկրորդ տեղը պրոֆեսորը տալիս է Թայվանին և նշում է, որ Չինաստանը ուժեղացրել է իր ռազմական ներկայությունն այդ տարածաշրջանում` հակառակ ԱՄՆ-ի բողոքների, որն էլ իր հերթին է մեծացնում զենքի մատակարարումները կղզի։
Երրորդ տեղում ՈՒկրաինան է։ Ֆարլիի կարծիքով` իրավիճակն այնտեղ մնում է լարված` հարավ-արևելքում հրադադարի մշտական խախտումների պատճառով։ Բացի այդ` Միխեիլ Սաակաշվիլու պատմությունն ու ընդվզումները Կիևում վկայում են կառավարության անկայուն վիճակը։ Կառավարության տապալման վատագույն հետևանքը կարող է լինել ուլտրաաջերի հաղթանակը, որ ավելի կսրի կոնֆլիկտը Դոնբասում ու կարող է վերաճել լիարժեք պատերազմի Ռուսաստանի ու ՈՒկրաինայի միջև։
Չորրորդ վտանգավոր տարածք պրոֆեսորը համարում է Թուրքիան ու ՆԱՏՕ-ի հարավային թևը: Նրա կարծիքով` Անկարայի հեռանալը ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից և մերձեցումը Ռուսաստանի հետ կհանգեցնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության էական փոփոխության, որ կանդրադառնա իրավիճակի վրա Սիրիայում, Իրաքում, Իրանում, Բալկաններում ու Կովկասում։
Հինգերորդ ելակետը երրորդ համաշխարհայինը սկսելու համար Ռոբերտ Ֆարլին համարում է Պարսից ծոցը։ Պրոֆեսորը վտանգ է տեսնում Սաուդյան Արաբիայի գործողություններում, որ բացահայտ հայտարարում է Իրանի դեմ ռազմական ու դիվանագիտական կոալիցիա ստեղծելու ու կոալիցիայում Իսրայելին ներգրավելու հնարավորության մասին։ Բացի այդ` Պարսից ծոցը Ռուսաստանի շահերի գոտի է։
Ընդհանուր առմամբ` 2017-ին բոլոր համաշխարհային կոնֆլիկտներում լարումը նկատելի աճել է, միակ բացառությունը Սիրիան է։
The National Interest
Հ.Գ. Մի շտապեք շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլիին, որ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը ու Հարավային Կովկասը։ Մերձավոր Արևելքում կատարված ցանկացած փոփոխություն հետհարվածի ուժով կարող է անդրադառնալ և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի, և մեր հարևանների վրա։ Մինչև 2019-ի նախագահական ընտրությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին արտաքին քաղաքական հաջողություններ են պետք և նա նետվելու է բոլոր հնարավոր կոնֆլիկտների մեջ` կարկանդակի իր կտորը տանելու, որ ներքաղաքական խնդիրները մղի երկրորդ պլան։
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը Էրդողանն ընդունեց անձնական վիրավորանք և հիանալի հող համարեց` իսլամական աշխարհում իր ղեկավար դերի հաստատման համար` Ստամբուլում հրավիրելով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով, որտեղ պահանջեց Ալ Կուդսը` Երուսաղեմը, հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք։ Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրումը կարող է վտանգավոր դառնալ նաև մեզ համար։ Ճիշտ է` Դոնալդ Թրամփը արկածախնդիր է, բայց ոչ այնքան, որ անձամբ պատերազմ սկսի Պարսից ծոցում: Դրա համար կան այլ երկրներ։ Վերջապես` հայտնի չէ` ե՞րբ ու ինչպե՞ս կկարգավորվի քրդերի հարցը, որտեղ Թուրքիայի շահերը բախվում են ԱՄՆ-ի հետ ու նաև` Ռուսաստանի: Համենայն դեպս` Վաշինգտոնը զինում է, իսկ Մոսկվան ահաբեկչական խմբավորում չի ճանաչում քրդերին, մինչդեռ Անկարան չի ցանկանում Սիրիայի խաղաղ բանակցություններում տեսնել քրդերին և պահանջում է Վաշինգտոնից դադարեցնել զենքի մատակարարումները։ Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում դեռ երկար են որոնելու իրենց թագավորությունը և չեն գտնելու, քանի դեռ ներկա նախագահներն ու վարչապետները, միապետերը լուծում են ինքնահաստատման խնդիր։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ